Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 1 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/324

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ՄԱՀՎԱՆ ՏԵՍԻԼ


Որպես լքված թավջութակի ձգված մի լար՝
Դողում է սիրտս կարոտով մի ահարկու.
Կարոտներիս գագաթն է այն` վերջի՜ն քնար.–
Մի պիրկ պարան ու երկնուղեշ փայտեր երկու։
Որպես բախտիս մութ քամահրանքը, կամ որպես
Մի հին խոստում, որ անկատար, դրժած թողի —
Կախաղանի փայտերն ահա քաղաքի մեջ
Կանգնել են, սեգ, ու սպասում են կախվողի։
Կանգնել են, լուռ իրար կքած, փայտեր երկու,
Ու մեջտեղում դողում է, մեղկ ու երերուն,
Մի գորշ պարան, ինչպես տխուր այս օրերում
Անբոց մորմոքը նաիրյան իմ ո՜րբ հոգու:
Իջել է շուրջը մի անհուր իրիկնաժամ,
ՈՒ լռություն մի անստվեր, անդուռ, անդող,
Ինչպես մորմոքը օրերի, ինչպես դաժան
Մահվան թախիծը՝ իմ անլուր սիրտը բանտող:
Ու խանութները, գորշ կքած, ու այն մարդիկ,
Որ հավաքվել են փայտերի շուրջը հիմա,
Մահվան բեկուն այդ քնարին այդքան մոտիկ —
Ի՞նչ են ուզում՝ այդքան տխուր ու ակամա:
Եվ արդյոք ո՞վ է երազել այդքան դաժան —
Ու լուսավոր առավոտները իմ հոգու