Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 1 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/325

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ո՞վ դարձրեց — մի անկրակ իրիկնաժամ,
Ու գորշ պարան, ու երկնուղեշ փայտե՛ր երկու։
Գուցե այդ ե՛ս եմ, որ սրտով իմ լուսնահար
Ո՛չ մի կրակ հեռուներից ձեզ չբերի,
Ու ցանկացա, որ չօրհներգե ո՛չ մի քնար
Լուսապսակ, պայծառ գալիքը Նաիրի․․․

Երթամ հիմա: Ու կարոտով անմխիթար,
Իմ երգիչի երազներով ու հրերով,
Անհրապույր իմ օրերի երգով մթար
Ու նաիրյան իմ երազի վերջին սիրով,—
Երթամ մարող ու մարմրող իրիկվա մեջ,
Որպես ուրու հալածական, որպես տեսիլ,—
Տա՜մ պարանոցս կարոտին այն երկնուղեշ
Ու օրորվեմ` եղերական ու անբասիր․․․
Թող ո՛չ մի զոհ չպահանջվի ինձնից բացի,
Ուրիշ ոտքեր կախաղանին թող մոտ չգան.
Եվ թող տեսնեն ի՛մ աչքերի մեջ կախվածի,
Իմ բո՛րբ երկիր, լուսապսակ քո ապագան։
Թող դուրս ընկած իմ աչքերի մեջ կախվածի
Նոքա տեսնեն պայծառ օրերդ ապագա,—
Թող ո՛չ մի զոհ չպահանջվի ինձնից բացի,
Ո՛չ մի ստվեր կախաղանին թող մոտ չգա․․․

1920