Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 1 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/328

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ուզում եմ ջերմ կրքիդ եռերը շոգ, հրձիգ,
Անհո՜ւն աստղեր սփռող երկրի անծայր հեռուն։

Անցնում եմ ես ահա փողոցներով քարե,
Հսկա շենքերը ինձ նայում են խիստ, խոժոռ,—
Ապրել եմ ես այստեղ հարյո՜ւր, հազա՜ր տարի,
Բայց նո՜ր եմ ես նորից՝ քաղաքներում այս նոր։

Անցնում եմ ես ահա քաղաքներով երկաթ՝
Շուրջս՝ մարդիկ անվերջ, կրքի գալարք ու վեճ,—
Վառե՜լ եմ ես հզոր երգեր կյանքում վհատ
Ու, խե՜նթ, փշրել կուզեմ վերջին պատրանքն
                                                             իրենց։

Քնար չկա ձեռքիս և ոչ սրինգ անուշ —
Չե՛մ էլ ուզում նրանց երգերը մեղմ, հուզիչ,—
Շեփո՜րն եմ ես կյանքի՝ համակ կորով ու ուժ,
Շեփո՜ր եմ ես ահեղ մի նո՜ր կյանքի երգիչ։

Ու շուրջը իմ արդեն օրերը՝ կուռ, պողպատ՝
Ահեղ շաչում են՝ նոր երգով առույգ ու ժիր,
Կանչում են ինձ նրանք, որ ես խոսքով երկաթ
Վառե՜մ նրանց հոգում երգեր կարմիր ու հիր։

Եվ իմ հոգին հիմա նրանց երգից այդ կուռ
Լցվել է բորբ հրով, կայտառ սիրով մի նոր․
Ես սե՜ր կուզեմ հիմա, կնոջ գգվանք ու հուր,
Բեղո՜ւն մարմին կուզեմ՝ կրքի՜ս նման հզո՜ր։

Արի՜, Աստղի՛կ, հիմա, որպես գալիք կյանքի
Անհուն, բեղուն խավար՝ աստղի՜ համար իմ վառ
Եղի՛ր, որպես պղինձ, երկաթ եղիր հանքի,
Շինող կամքիս համար եղիր կարմի՛ր մարմար։