Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 1 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/329

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Արի՛, որպես անմար կրքով լցված գարուն,
Ու կո՛ւյս եղիր՝ գարնան դաշտի նման խոպան,
Գարնան խանդի նման եղիր բորբոք, եռուն,
Որ ես, կայտառ, վառեմ քո մեջ իմ նո՛ր ճամփան։

Արի՛ հիմա, ծաղկուն, խնդուն, որպես ամառ,
Երգո՛վ, պարո՛վ արի ու ցանկությամբ որոշ,
Եղի՜ր, Աստղի՜կ, տոկուն, կամքի պես իմ համառ,
Ո՛վ կի՜ն, եղի՜ր հիմա, որպես կարմիր դրոշ։

Ինչպես օրերը այս՝ գալիքներով բեղուն —
Այնպես արգանդը քո անհո՛ւն լինի թող տոթ.
Աստղի՛կ, գալի՛ք դարձիր, դարձիր տարերք
                                                            զեղուն,
Այլևս մա՛յր դարձիր՝ գալիք կյանքի խորհուրդ։

Գալի՛ս է կյանքը նոր — ու իմ ձայնից շեփոր
Քո դալկադեմ քրոջ ցնորքը ծո՛ւխ դարձավ.
Նրա հմայքը մեղկ ցնդե՛ց երգից իմ նոր, —
Սրինգ չկա արդեն, դողդոջ քնար ու ցավ։

Կանգնե՛լ եմ ես, հզոր, գալիք կյանքի առաջ,
Ու կիրքը իմ անսանձ հորդե պիտի հիմա.
Աստղի՜կ, իջի՛ր նորից, որ իմ հրով վառած՝
Արյունդ արև՛ ծնի գալիք կյանքի համար։

Արի՜, Աստղի՜կ, ու ա՛ռ պայծառ հավերժը իմ,
Եվ միսդ թող ծաղկի, ինչպես իմ կամքը ձիգ, —
Ջարդե՛լ եմ ես արդեն նրանց քնարը հին,
Շեփոր-մարմինն է իմ կանչում խանդով հրձիգ...

1920