Այս էջը հաստատված է
Նվարդին ու Գոհարին
Սպիտակ վարդեր կան շրթերի վրա քո,
Աչքերիդ լճի մեջ — մոռացման թերթեր։
Հավիտյան հանգել է աչքերիդ կրակը
Ու բացվել են տեղը սպիտակ վարդեր։
Դու խաղաղ նիրհել ես, հավիտյան լռել ես
Եվ այնպե՜ս է քաղցր լռությունը քո,
Որ մի պահ մարել եմ առաջվա հրերս
Ու խմում եմ նիրհդ՝ լուսավոր ու գոհ։
Ախ, կարծես թե սիրտս քեզ դարե՜ր սիրել է
Ու գտել է լույսդ դագաղում հիմա.
Քո գունատ աչքերը, քո մաքո՞ւր աչքերը
Իմ հոգին գերել են, о, պրինցեսա Մահ...
Եվ ահա թեքվել եմ ու դողդոջ շրթերս
Համբուրում են կարծր քո ճակատը սառ —
Համբույրով տալիս եմ կարոտի վարդերս՝
Քո լուսե հուշի հետ մոռացմա՛նը տար...
1911