Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 1 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/43

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ԵՐԵՔԸ

(Պոեմ հավիտենական)

1

Մի հին դղյակում ապրում էին գոց

Երեքը — նրանք. դղյակում այդ հին։
Երկուսն էլ նրանք այդ երազ-կնոջ
Ասպետներն էին։
Ու ապրում էին փակված ու մենակ,
Ու հին դղյակի կամարների տակ
Հոսում էր նրանց կյանքը անանուն։
Ի՞նչ էին անում այդ երեքը միշտ,
Այդ հին դղյակում ի՜նչ էին անում։
Կյանքը դղյակում երա՞զ էր, թե վիշտ —
Ոչ ոք չգիտեր ու չէր իմանում։
Որպես մի հեքիաթ, որպես հինավուրց
Դարերում ապրած լեգենդի կտոր —
Կյանքը դղյակում դարձել էր անուրջ։

Ապրեցին անձայն ու անցան մի օր։ —