Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 1 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/44

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
2
Մեկը դղյակում մենակ էր առաջ

Երազ—կնոջ հետ: Մենակ էր ու գոհ:
Թվում էր նրան աշխարհը — երազ,
Ու լույս էր այնպես. կապույտ երեկո:
Նստում էր մենակ և հսկում էր նա:
Կինը դղյակում և կար, և չկար:
Նստում էր մարմար սանդուխտի վրա`
Աչքերը — վճիտ ու սիրտը — պայծառ:
Եվ մի իրիկուն — հրոտ, հրավառ
Արևը մտավ գիրկը լեռների:
Կինը դղյակում և կար, և չկար.
Նա նստած էր լուռ՝ երազին գերի:
Արևը մտավ խորշը լեռների —
Ու թվաց նրանց գիշերի միգում,
Որ ո՜չ մի հրաշք էլ ետ չի բերի
Անցած արևի հուրը ոսկեգույն...
Անշշուկ նստած լսեց, որ անցան,
Անդարձ հեռացան... Մի՞թե չգտավ: —
Եվ նա չտեսավ, թե ինչպես, անձայն,
Մյուսն այն գիշեր դղյակը մտավ...

3

«—Դու կանչե՞լ էիր, — շշնջաց նրան. —
Հեռու դաշտերից, արևի երկրից:
Արևը անցավ ու ժպտաց միայն:
Արևի երկրից կանչել էիր ինձ»: —
Երբ գիշերն իջավ դղյակի միգում
Երեքը — նրանք — կրակ չունեին:
Ու թվաց, որ դեռ երեկ իրիկուն