Ու լուռ էր այնպես։ Ու լուռ էր։ Ու գոլ
Լռության գրկում թվում էր նրանց,
Որ կյանքը մահից անհուն է ու խոր,
Մահու պես գաղտնի, անթափանց, անանց։
Ու հիվանդ էր նա։ Բայց մահը չկար։
Միայն մշուշում երկու կրակներ
Կարծես բռնկվող, կարծես հոգևար,
Երազի նման ժպտում էին դեռ։
Եվ մեկը հանկարծ ասաց մյուսին․—
«Արևը երեկ անցավ — ո՞ւր գնաց․․․»։
Մյուսը նայեց ու ժպտաց կրկին․—
«Արևը չկա։ Արևը — երազ․․․»։
Եվ մեկը ուզեց անդարձ հեծկլտալ,
Բայց բարձր ճչաց․— «Օ, ցո՜ւրտ է այնքան․․․»։
Մյուսը ժպտաց։ Ու երկա՜ր — երկա՜ր
Լռեցին նրանք՝ անբարբառ, կարկամ։
Եվ երկուսն էլ լուռ նայեցին նրան։
Լուռ քնել էր նա։ Լուռ էր ու լռին։
Եվ վերջին միգում վերջին լռության
Երկուսն էլ հլու սպասում էին։
Եվ մյուսն հանկարծ բարձրացավ տեղից
Ու սուր, լռության դղյակում կարկամ,
Ուր իջել էր մի անսահման կսկիծ—
ճչաց ու կանչեց տասերկու անգամ։
Տասերկու անգամ կանչեց, բայց չկար։