Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 1 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/45

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
Երեքն էլ, նրանք, դղյակում էին։

Նայեցին իրար — ու թվաց, թե դեռ
Դարերի միգում, սկզբի օրից
Երեքն էլ, նրանք, այստեղ են եղել —
Մի՛շտ իրար կապված` հեռու բոլորից...

Ասաց շշուկով կինը երկուսին.—
«Գիշերը հազար հրաշքներ ունի.
Գիշերի գրկում ընկնում է հոգին
Հազարաստղանի գիրկը անհունի»։
Նայեցին իրար, նայեցին նրան։
Վառվում էր ոսկի հայացքը կնոջ։
Կարծես ասելու ոչինչ չգտան։
Կարծես դողացին շրթերը դողդոջ։
Եվ մեկը հանկարծ հեծկլտաց մթում...
Մյուսը ժպտաց։— Ու տեսան իրար։
Նվում էր մի տեղ դղյակի կատուն
Ու դուրսը քամին խնդում էր խելառ։

Ու կինը, հիվանդ, մտավ անկողին։
Հսկում էին լուռ երկուսը նրան։
Ու գրկել էր մութ լռությունը հին
Նրանց — երեքին։ Ու լուռ էր միայն։
Ու մութ էր այնպես։ Ու հիվանդ էր նա։
Եվ երկուսն էլ, լուռ, անկողնի առաջ
Երազում էին պատկերը նրա —
Հեռավոր նրա հմայքը երազ։
Երազում էին։ Երկուսն էլ կային։
Այնքա՜ն հարազատ ու մոտիկ այնքան։
Եվ սուրբ խոսքերով օրորում էին

Կնոջը հեռու։ Երկուսն էլ — նրան։