Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 1 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/60

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
Ապրել է այնտեղ — արևի վրա,

Եղել է վառման խնդագին երազ,
Հրոտ, հրանազ, ու անունը — Ռա:
Վառվել է անմար արևի հոգում`
Ինքը զոհ իրեն ու զոհաբերող,
Ու սփռել է մութ օրերի միգում
Հրդեհ ու կարոտ, ցանկություն ու դող:
Ու եղել է այս կյանքը երկրային
Արևի առաջ խանձված մի զոհ.
Աղոթք են արել հրակամ Ռաին —
Ապրել են հրում ու անցել են գոհ:

Հոգնե՛լ եմ, հոգնե՛լ երազից, մահից,
Անտարբերության վիճակից երեր.
Ուզում եմ զգալ, շոշափել նորից,
Չունենալ երազ, թռիչք ու թևեր:
Կուզեի՛ լինել հաստատ ու կարող,
Աշխարհը զգալ, որպես քաղցր դող,
Եվ ամբողջ կյանքով մի պահ երկարող
Վառվել ու մարել հրճվանքում բանտող:
Եվ ինչո՞ւ համար իմ մարմինը լույս,
Մարմինը մարող, մարմինը հիվանդ
Դեռ պետք է կրի դիակը հոգուս,
Որպես ծանր բեռ` հնամյա ավանդ:
Ճնշում է, ճնշում ուսերիս վրա
Դիակը այդ ցուրտ, ծանր, անբաժան,
Ինչո՞ւ եմ կրում ես բեռը նրա,
Այդ բեռը դաժան:

Եվ ինչու հիմա, օրերիս ծոցում,
Ուր բերել է ինձ բախտը այս գիշեր —
Ես ինձ եմ փնտրում ու մեռելոցում

Վերջին տագնապում, որ կոչվում է — սեր...