Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 1 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/59

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Շուրջս քարացած երազը մահի.
— Կուզեի՜ այնպես, որ ետ դառնայի
Ու համբուրեի շրթերը հողի.
Փնտրեի մի պարզ, երկրային ուղի,
Հո՜ղը լիզեի, որպես համր շուն —
Ու լո՜ւռ կորչեի աշխարհի փոշում...
Ախ, ցուրտ է այստեղ — երկնի կամարում
Չի վառում այստեղ ճառագայթը հուր.
Երկնքում չկա ծաղիկ ու գարուն
Ու սուտ է հոգու բերկրանքը մաքուր:
Մարի, ի՛մ Մարի, մնացիր նախշուն,
Արևոտ ու տաք դաշտերում երկրի,
Թող հոգիդ զնգա՛ երկրի մշուշում,
Աշխարհի մուժում թող հոգիդ բերկրի:
Մի նայիր դու վեր. թող կյանքդ լինի
Ոսկի մի ղողանջ, վա՛ռ բախտի հնչյուն,
Թող կյանքդ լինի հուրհրող գինի,
Մարի, ի՛մ Մարի, Մարի, է՛գ թռչուն...

— Իսկ ե՞ս. ի՞նչ անեմ ես, որ մնացի
Երկնի դաշտերում — ու մեռավ հոգիս,
Ես, որ երկրային կյանքս թաղեցի —
Լսո՞ւմ ես, Մարի,— ի՞նչ արի ես ինձ:
Ինչո՞ւ արևի համբույրը երբեք
Չվառեց իմ մեջ ցանկություն ու դող
Ու չհրդեհեց սիրտս հոգնաբեկ
Քո հուր մարմնի հմայքը դյութող:
Բայց չէ՞ որ հոգին, ասում են, ունի,
Կամ գուցե առաջ ունեցել է նա —
Կարմիր կարոտը կարմիր արյունի
Ու հրդեհումի երազը անահ:
Ախ, մարդու հոգին, ասում են, առաջ