Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 1 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/78

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ՈՍԿԻՆ
1
Կապո՜ւյտի մեջ, կապո՜ւյտի մեջ — արևի ոսկին։

— Քնի՛ր, քնի՛ր, կապո՛ւյտ աղջիկ, չզարթնես ծեգին:

Կարապները լճերի մեջ, ջրերի վրա
Դեռ քնել են, դեռ նիրհում են. կարթնանան հիմա:

Ու զանգերը ղողանջում են՝ կարկաչուն, հնչուն,—
Փախցնում են աստղերի չուն և կանչո՛ւմ, կանչում:

Խաչը վանքի, ե՛րգը զանգի — կապույտում վերջին.
— Զարթի՛ր, զարթիր, կապո՛ւյտ աղջիկ, ու նայի՛ր խաչին...

Նա ոսկի է, երկի՛նք նետած մի կտոր ոսկի.
Նա — մի երազ, ոսկի միրաժ արթնացած խոսքի:

Ու արևի թևը ահա լճերի նիրհում
Հրդեհում է աստղանկար տրտմության հեռուն...

Ու մարում են, ու մեռնում են այն աստղերը, տե՛ս:
Արթնացել են կարապները ու կանչո՛ւմ են մեզ: