Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 1 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/83

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
5

Օղակ-օղակ, ոսկեգույն ու հրաշեկ,

Օրորվում են ալիքները լճերի։
— Կապույտ նիրհում սպասումը չմաշե՛ք.
Թող արևը մի նո՛ր բախտի լուր բերի։

Ահա ճերմակ առագաստները` ոսկի
Արևի դեմ հարսների պես շիկացած`
Օրորվելով, նազանքներով, կողք-կողքի —
ճամփա ընկան դեպի հեռուն ոսկեբաց...

Դեմը, հեռուն, կապուտաչյա ջրերում,
Ոսկենկար դեմքը արև-արքայի —
Հուր-ժպիտի ոսկի թերթեր է թափում,
Որ լաստերի ճանապարհը զարդարի․․․

Առագաստները, ոսկեգույն քող հագած,
Արևելյան հարսների պես նազանուտ,—
Օրորվելով ճամփա ընկան թևաբաց՝

Դեպի ոսկի հեռաստաններն արևոտ․․․