Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 1 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/84

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
6

Հրոտ, հրաշեկ ոսկին արևի՝
Հրդեհված հոգու հովն է երևի...

Հուր հովը հոգու` հրդեհված հիմա —
Լեռնային վանքի խաչերի վրա։

Փարվել է վանքի ոսկեթև խաչին՝
Ժպտավառ՝ որպես համբույրն առաջին։

Որպես կարմրությունն այն այրող, հրոտ՝
Հարսնական դեմքիդ՝ ամոթխած կարոտ․․․

Որպես թափանցիկ կարմրությունն հոսող՝
Այտերիդ վրա՝ ոսկեգույն մի շող․․․