Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 2 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/240

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Չորս ընկերներ այդտեղ մեկտեղ կախված էին՝
Սև լեզուներն հանած ու ոտքերը հողից
Բարձրացրած հազիվ․․․

Կայարանի մոտից մեզ քշեցին դաշտը։
225 Երկաթ բահեր տվին։
Եվ փորեցինք ահա մեր ձեռքով մի մեծ
Եղբայրական շիրիմ։

Երկու հազար ընկեր մենք դրեցինք այդտեղ,
Լցրինք իրար վրա, որպես ձկներ մղլած։
230 Որը թե չէր մեռել, կամ վիրավոր էր թե՝
Նրան նետում էին այդպես՝ մի աչքը բաց։

Հասկանո՞ւմ եք արդյոք, ընկերնե՛ր,
Թե ի՞նչ ապրեց հոգիս այդ գիշերին,
Թե հարազա՜տ, մոտի՜կ, եղբայրական ձեռնեը
235 Ինչքա՜ն, ինչքա՜ն անգամ ինձ դրեցին շիրիմ։

Իսկ առավոտ, երբ ես
Դարձա քաղաք —
Դրված էր մեյդանում
Մի կախաղան։
240 Շուրջը մարդիկ, կանայք,
Հագած֊կապած․
Եկել էին կարծես
Զվարթ կաբակ։
Ու տերտերներ ճերմակ,
245 Որոնց շրթից
Հոսում էր, որպես թերմացք,
Ինչ֊որ մի երգ խրթին։