Սակայն սիրում է անչափ, անչափ
Ծծել քրտինքը բազմաչարչար
Բանակների այն, որ աշխարհում 170
Միայն հոգնում են ու աշխատում։
Ահա առանցքը։- Շուրջը սակայն,
Ինչպես լուսինը շուրջը հողի —
Դառնում է կյանքը նայիրական
Ու լիանում է նրա շողից․․․ 175
Հլու ու համր նրա խոսքին
Ու շարժումին մի նրա մատի —
Ջրօրհնեքից օ, մինչև զատիկ —
Դառնում է շուրջը կյանքը «ազգի»։
Դառնում են շուրջը գրքեր, թերթեր, 180
Դպրոց, թատրոն ու եկեղեցի,
Տներ, կառքեր բյուր, օթո ու ձի,
Հոգաբարձու ու վարձու տերտեր։
Դառնում են շուրջը վարժապետներ,
Որ ըստ տեղի ու ժամանակի՝ 185
Թե՛ փաստաբան են, գրող են թե՛,
Թե՛ խմբապետ են, թե՛ խմբագիր։
Նրանք են ուղը, աղը կյանքի,
Նրանք են փայլը աշխարհի այն,
Ուր արևում է վերից մի «հայ» 190
Կիսաչարչի ու կիսաբանկիր։
Նա վե՛րն է, վե՛րն է, ինչպես արև,
Փառաբանում են նրանք նրան,
Եվ նա թափում է նրանց վրա
Իր բարությունը՝ փայլը հրե։ 195
Եվ նա թվում է նրանց օրենք,
Ինչպես արևը հավերժական,
Որ պարգևում է պայծառ օրեր
Եվ շնորհում է թե՛ լույս, թե՛ կյանք։