Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 2 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/261

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

325 Եվ դա՛ է, դա՛ է, դա՛ է արդեն,
Քո այդ բոստանն է ու զույգ բարդին
Եվ մեքենա՛ն մեր, որ դեմառդեմ
Հիմա ելել են մենամարտի։
Եվ այս պայքարը համր, լռին,
330 Այս մենամարտը մեր առօրյա —
Օ, ավելի՛ է տագնապալի,
Քան բարիկադը հոկտեմբերյան․․․
Օ, ձեր աշխարհը — դեռ կա՜, դեռ կա՜,
Նա դեռ նստած է, հաստանստուկ,
333 Եվ քո երգերը երեկ երգած
Դեռ շատերի՛ն են այնտեղ ազդում։
Բայց դա աշխարհն է մահապարտված,
Կյանքի մամուռը, տիղմը անհուն,
Որ բոստանի՛ն քո, առվին կառչած՝
340 Ե՛վ համառում է, և՛ հեռանում։
Եվ խուղերի երբ անդուլ մթում
Վառվում է լամպը էլեկտրական —
Դա մեր պայքա՛րն է ընդեմ անդուռ
Խուլ աշխարհ ձեր նայիրական։
345 Եվ մեր քլունդը՝ լեռը քանդող՝
Երբ թունելներ է ձգում երկար —
Դա ո՛չ թե լեռն է քանդում անդուլ,
Այլ ձեր աշխարհը սարսափահար։
Քանդում, քանդում է նա անհանգիստ,
350 Քարե բերդերը շպրտում դեն
Եվ նո՜ր շերտեր է կանչում կյանքի
Եվ բանակնե՛ր նոր հանում հանդես։
Ելնո՜ւմ, ելնո՜ւմ են նրանք արդեն,
Ստվարանում են օրը օրին,
355 Ինչպես մետաղը երկրի խորից,
Ինչպես գարնանը հեղեղ հորդե։