Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 2 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/278

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

15 Կապուտաչյա այդ տղան, ա՜խ, ինչքա՜ն էր չար.
Մեզ հետ կռվում էր հաճախ, ծեծվում չարաչար։

Բախտը ժպտար եթե մեզ ու լուցկի հաներ —
նա իր չարխը կծռեր ու կռիվ կաներ։

Ուներ բարի նա մի մայր՝ ծեր ու չքավոր.
20 Միակ նեցուկն էր նա տան՝ բոլորին պահող։

Ինչքան հիշում եմ հիմա մանկությունս ես —
Կապուտաչյա այդ տղան ելնում է իմ դեմ։

Տեսնում եմ միշտ նրան ես իր չարխի առջև...
Հետո օրեր անցան շատ, սլացան հապճեպ։

25 Ու կորցրի ես նրան։— Աշխարհում այնինչ
Եկան օրեր հուրհրան, տարիներ անջինջ։

Պատերազմներ եղան մեծ, պայքարներ բազում —
Եվ ամբողջ կյանքը փոխվեց, ինչպես երազում։

Դասակարգեր ընկան հին ու ելան նորեր —
30 Օրեր վառվառ ու անգին, անմոռա՛ց օրեր...

Մի օր ելանք ու առանք Երևանը մենք —
Հետո դաշնակը շարժեց մաուզեր ու զենք։

Նահանջեցինք քաղաքից մենք լուսաբացին —
Եվ ընկերոջս նորի՛ց ես հանդիպեցի.—

35 Երկու ամիս էր արդեն ճակատում էինք —
Վերջին օրերը միայն մենք հանդիպեցինք։