Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 2 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/35

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Եվ ո՞վ կգնա, և ո՞վ կնայի
565 Անդրշիրիմյան տոնող Աստծուն․․․

Իսկ մենք ապրում ենք ու շնչում ենք դեռ
Այս խայտանկար, ավերակ գյուղում,
Ուր ամեն տան մեջ մա՛հ է ու ավեր,
570 Ուր ամեն վայրկյան արյուն է ցողում,
Ուր ամեն վայրկյան լարում է դավեր
Քմահաճ բախտի ժրաջան մեղուն։

Եվ առօրյա է հիմա մեզ համար
Մարդկային անթաղ, այլանդակված դին։
575 Ահաբեկիչի քրքիջով համառ
Մենք կեր ենք նետում անկուշտ անդունդին։
Եվ իմաստ չունի այլևս հիմար
ճակատագրի որոշած Անդին։

Եվ գինին այստեղ ծորում է առատ,
580 Եվ հարբում ենք մենք կարմիր խնջույքում։
Այլևս չկա և ոչ մի արատ,
Որ ծաղիկ չտա մեր գինով այգում։
Պատրաստ է ընդմիշտ մեր զոհը պարարտ՝
Մենք՝ գոհ, մենք՝ դահիճ՝ ուրիշի ձեռքում․․․

VIII



585 ․․․Երեկ առավոտ բարձրացա կանուխ
Եվ լուռ կանգնեցի բլուրի վրա։
Հեռուն՝ զնգալով իջնում էր մի ուղխ,
Լսում էի ես կարկաչը նրա։
Կապույտ երկնքում ո՛չ ամպ կար, ոչ ծուխ։
590 Եվ ես մոռացա՜ տաժանքն առօրյա․․․