Ընկավ մեր Դավիթն անդունդի մեջ. 555
Շուրջը — մթություն, ու մուժ, ու մեգ,
Իսկ վերից Մելիքը արնանենգ,
Սարսելով ահից իր խելագար,
Քաշեց մի հսկա, վիթխարի քար։—
Դավիթը մնաց փոսում խավար, 560
Անպաշտպան, մենակ, իսկ դուսը չար
Մսրամելիքը, արքան դաժան,
Քրքջում էր ահեղ ու ժանտաժանտ։—
Եվ Սասմա վրա իջավ այնժամ
Խորշակ դառնաղետ, մահ տարաժամ։— 565
Եվ Դավիթն, ընկած խավարում քար,
Օգնության կանչեց երկար, երկար,
Եվ զուր է ասում զրույցը հար,
Թե պահուն այդ սև, այդ ժամին չար,
Օգնության եկավ խորհուրդով վառ 570
Ձենով—Օհանը, իշխանն այն մառ։—
Նա չեկավ, Ձենով իշխանն հայոց․
Սև սրտում՝ սարսափ ու ա՛հ մահու՝
Նա Մելիքին էր նվաստ նայում
Եվ ժողովրդին հրամայում — 575
Հավաքեն, տանեն նրա համար
Քառասուն կաղ կին՝ կորեկ աղան,
Քառասուն այլ կին, որ ուղտ բառնան,
Քառասուն աղջիկ՝ նման գարնան՝
Գնան՝ Մելիքին վարձակ դառնան։— 580
Հավաքեց ապա ահով անսանձ
Օհանը ամբավ ոսկի ու գանձ,
Մսրամելիքի մոտը գնաց,
Թախանձեց, խնդրեց վիզը ծռած,