Ահով է լցված օդը։
Նա նայում է երկար։ Ականջ դնում։ Լուռ է։
Բայց լռությունը այնքա՜ն է անհանգիստ։
Լռությունը շնչում է տագնապով։ Լռությունը ժխոր է։ 60
Խուլ, տագնապոտ ժխոր, որ գուցե աղմուկն է իր քունքի։
Այդ ձիե՞ր են դոփում, թե իր սրտի զա՞րկն է։
Հեռագի՞րն է արդյոք իրեն այդպես հուզել։—
Բայց քաղաքում ահա, զարկով հատու ու բարկ,
Տասն անգամ, զարկ զարկի ետևից, երգում է մի չոր մաուզեր։ 65
Նա շոյում է ճակատը։ Ձեռքերը գրպաններում
Ուզում է մի փոքր քայլել զրահապատի կողքին,—
Բայց ձեռքը դիպչում է մի թղթի — և նա միտքն է բերում
Հեռագիրը նորից։— Նա լապտերի շողքին
Մոտենալով՝ հանում է գրպանից 70
Հեռագիրը, որ նորից կարդա,—
Երբ հանդիպում է հայացքը ինչ-որ ծանոթ բանի,
Եվ նայում է նա նրան երկար,— նայում է անթարթ։
Զրահապատի անունն է։— «Վարդան Զորավար»։
Գրված գրերով դեղին։ 75
Նա նայում է, նայում է, նայում է նա երկար,
Ինչ-որ մի բան կարծես կպչում է ուղեղին։
«Վարդան Մամիկոնյան»… Նա մի քանի անգամ
Կրկնում է անունն այդ մեքենայորեն —
Եվ աչքերի առջև նա տեսնում է հանկարծ 80
Մի թղթե սաղավարտ… և իրեն։—
Այդ ե՞րբ էր… Տարինե՞ր, թե մի ամբողջ անծայր
Հազարամյակ առաջ, երբ կենդանի էր դեռ հայրը։—
Երբ թվում էր դեռ կյանքը զարմանալի՜ պայծառ
Եվ դպրոցի բեմը — Ավարայր էր…