Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/414

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ի

Հորիզոնի վրա կրկին ամպեր են մութ ծանրանում
Մա՛հն է կրկին ոխակալել՝ մռայլ նստած դարանում.
Պատրաստվում են անկում կարդալ մեր աշխարհին

հոյաշեն —

Չե՛ն հասկանում սակայն, որ մեր հաղթանա՛կն է

նորանում։


ԻԱ

Վերջին անգամ պատմությունը, մի թռիչքով գեղեցիկ,
Մեր ձեռքերով փորձեց մի նոր մարդկային կյանք

կառուցի.

Կրկի՛ն ահա հավաքվում են, արյունով ու հրով
Կյանքը հրեն ետ՝ դեպի հին օվկիանոսը սառուցի։


ԻԲ

Չի՛ ընթանում սակայն երբեք պատմությունը դեպի ետ,
Ի՛նչ որ կյանքում վեհ է ու լավ — մեր մե՛ջ է արդ ու

մեզ հետ.

Գազանային ոհմակներով ինչքան էլ գան՝ պիտի լոկ
Արագացնեն մա՛հն իրենց սև — ու չքանան առհավետ։


ԻԳ

Մենք քանդեցինք, կործանեցինք աշխարհը հին իր

հիմից,

Կամքը մարդու ստեղծագործ կուտակեցինք մենք ի

մի․—

Էլ ի՜նչ պատնեշ կարող է մեզ մեր ընթացքից

բաժանել,

Երբ մեր ոգին բանտից անել անդարձ հանել ենք հիմի։