Jump to content

Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/473

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է



Ես այն չեմ այլևս, այն չեմ,
Նայիրյան միամիտ այն պոետը,
Որ ուզում էր երգերով թռչել
Եվ անցնել այս նեղ արահետը։

5 Ես եկա խավար այն ափից,
Եվ բացվեց երբ խնդուն առավոտը —
Իմ հոգին ահով տագնապեց —
Եվ անհուն էր այդ նոր իմ կարոտը։

Ես տեսա աշխարհը նորացած,
10 Եվ աշխարհը այդ — հարազատ էր,
Եվ երգով իմ — այնքան հրացայտ —
Ես անցա անցյալի բարիկադը։

Ուզեցի ես երգով զինակցել
Եվ երգով նույնանալ նրանց,
15 Որ օրերը այս հողմածեծ
Գրոհել են անցյալի վրա։

Եվ թվում էր, թվում էր ինձ միշտ,
Թե որքան բարձր կանչեմ —
Այնքան շու՛տ կդառնամ ուրիշ,
20 Եվ ուղիս կդառնա անշեղ։