Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/544

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մեր ոսոխները — պահն ու սատանան —
Աշխարհում հաղթում են միշտ մեզ.
Անպարտելի է ժամը փորձության —
Ուրեմն դու քեզ չտանջե՛ս։

Հետո, հագեցած ոտքի կանգնելով,
— Սպանի՛ր։— ասաց ծառային.
Եվ ուրախությամբ այդ տղան սիրող
Ոսոխին իր հանձնեց սև մահին։

Ով խմում է սերն ու խանդը կիզող
Միևնույն այրող բաժակից,—
Անխուսափելի խմելու է նա
Վրեժի հեղուկը կարմիր։

Խոնավ շրթերը սրբելով նազով,
Կոմսուհին ասաց Հիսուսին․
— Քե՜զ ընծայեցի, դրախտի՛ արքա,
Իմ մաքրությունը լույսի»․․․

Թե ո՞ւր է փչում, ո՞ր կողմը, քամին —
Մեզ դաշտի ցողունն է ասում,—
Բայց աստված ինքն էլ չգիտե երբեք,
Թե կինը ի՛նչ է ուզում։

Եվ մանկլավիկին նա հեզ հարցըրեց․
— Ճի՞շտ չէ, որ բարի եմ ես շատ...
էլ ինչո՞ւ ես լալիս, սիրելի՛ս․
Գնանք տուն, ժամանակն է արդ»․․․

Ծնվում է սերը, ինչպես բոց, արագ,—
Եվ մենք այրվելով նրանում,
Դառնում ենք ինքնե՛րըս կրակ՝
Գեղեցի՛կ, և վառ, և անհուն։—