Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/587

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ակնարկվում է նաև Միքայելյանի մահը Վիտոշիի լանջերին (Բուլղարիա) ռումբի անհաջող պայթյունից (1905 թ. մարտի 17)։

...Երկիրն Ավետյաց — Այսինքն Արևմտյան Հայաստանը։

...արքան այն գազան — Աբդուլ Համիդ II (1842—1918) թուրքական արյունարբու սուլթանը․ գահակալել է 1876—1909 թթ.։

...մոտեցան նրան երկու այր - Ակնարկը վերաբերում է դաշնակցության հիմնադիր գործիչներից Ս. Զավարյանին (1866—1913) և Ռոստոմին (Ստեփան Զորյան, 1867—1919)։

«Հըդահյո՜ւն... — Այսինքն՝ Հայ հեղափոխական դաշնակցություն։

«Խա՜ն—Բա՜ն—օտ... — Խան արտահայտությամբ ակնարկում է 1897 թ. հայդուկային արշավանքը թուրք—պարսկական սահմանագլխի վրա՝ Խանասորում, որ հայտնի է Խանասորի դեպք անունով (տե՛ս Լեո, «Անցյալից», 1925, Թիֆլիս, էջ 124)։

Բան—օտ արտահայտությամբ նկատի ունի Աբդուլ Համիդի բռնակալության դեմ 1896 թ. օգոստոսին դաշնակցական մի խումբ գործիչների կազմակերպած բողոքը՝ Բանկ Օտտոմանի գրավումը (մանրամասնությունները տե՛ս Լեոյի նույն գրքում, էջ 118—121)։

Գալիս էր ամենից առաջ վիթխարի հասակով մի մարդ — Նկատի ունի Ստ. Նազարյանցին (1812—1879)։

Հաջորդ տողերում ակնարկվող «Քաղաքական անոթ»-ի իմաստը սա է. «Անտարբեր թյուրքահայերի քաղաքական բախտի վերաբերմամբ՝ Նազարյանցն անտարբեր պիտի գտնվեր նաև հայերենի համազգային կոնսիլիդացման նկատմամբ... Ազգության անոթ հուշակելով ոչ միայն նրանց կրոնն ու լեզուն, այլև նրանց թագավորությունը (իմա՝ նրա քաղաքական կամ պետական միությունը, Ա.Հ.)։ Նազարյանցը, ինչպես պիտի տեսնենք, հռչակելու էր ռուսահայերին «քաղաքականապես ռուս», որով կտրականապես հրաժարվելու էր ցարական պետականության «օգուտի ու վնասի» հետ չհամատեղվող ազգային-քաղաքական որևէ նպատակադրությունից» (տե՛ս Աշոտ Հովհաննիսյան, «Նալբանդյանը և նրա ժամանակը», գ. I, 1955, Երևան, էջ 114)։

Նրանցից մեկն էր միայն, որ ուներ իսկական սրինգ — Նկատի ունի Պ. Դուրյանին (1852—1872)։

Նա տավիղ ուներ արծաթե և շեփոր պղնձե — Նկատի ունի Մ.Պեշիկթաշլյանին (1828—1868)։