Jump to content

Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/92

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Երբ եկավ հանկարծ զեկուցողը — և
Ժողովն սկսվեց։— Ինքը անկյունում
Կծկված` մի փոքր արհամարհական
220 ժպիտը դեմքին` նայում էր նրան։—
Ի՞նչ էր սպասում այդ հավաքույթից
Ինքը — թվում է, թե պարզ է, առանց
Երկար խոսքերի։— Մի պաշտոնական
Զեկուցում, հետո վաղուց պատրաստված
225 Մի բանաձևի քվեարկություն —
Եվ ուրիշ ոչինչ։— Մութ, մեռյալ մի գործ,
Որ փաթաթվում է այդ անգրագետ
Խեղճերի վզին, որպես մի վերին,
Անխուսափելի կամքի ցանկություն...
230 Այդպե՛ս էլ կարծես սկսվեց։— Նախ նա,
Այդ զեկուցողը, հայտնեց, որ իրենց
Սոցմրցության են կանչել` Լենինի
Քաղաքից` հսկա մի գործարանի
Բանվորները... (Նա այդպե՛ս էլ ասեց`
235 «Լենինի քաղաք», և ոչ — Լենինգրադ,
Ինչո՞ւ — չգիտեր ինքն էլ երևի...) —
Խոսեց նա հետո մրցության մասին,
Դրա էության,— բերեց ցիտատներ
Լենինից, Մարքսից և Ստալինից,—
240 Եվ հետո անցավ սոցիալիստական
Շինարարության հնգամյա հսկա
Պլանին։ Բերեց մի քանի թվեր,
Հետո անպաճույճ, պարզ, հասկանալի
Խոսքերով պատմեց, նկարագրեց
245 Աշխատանքները նա այդ վիթխարի —
Եվ հանկարծ ի՛նքն էլ նկատեց, որ մի
Ինչ–որ անսովոր, խոր լարվածությամբ
Լսում են ահա բոլորը նրան,—