Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/124

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ամենայն ճշտությամբ ասում է կառապանին պ. Մարուքեի հասցեն... Հասկանու՞մ էս՝ Կարո Դարայանը, ամբողջ քսան տարի ո՛չ հայրենի քաղաքի և ո՛չ էլ պ. Մարուքեի դեմքը տեսնելուց հետո— ասում է կառապանին պ. Մարուքեի հասցեն և հին բարեկամի նման իջնում է նրա տանը, նախքան վերջինիս սենյակ մտնելը—դուրսը, հենց դռան առաջ, կառապանի կողքին մի պինդ համբուրվելով իրեն միանգամայն անծանոթ, բայց հրաշքով մտերմացած պ. Մարուքեի հետ... Այս բանն իր սեփական աչքերով տեսել է Կինտաուրի Սիմոնը, կոշկարարը, և ամենայն մանրամասնությամբ պատմել է ընկ. Վառոդյանին: Եվ ահա— հենց այդ Դարայանը, նա ինքը, ինչպես այս բոլորից կարող եք եզրակացնել՝ պ. Մարուքեի այդ հոգեկից ընկերն ահա, վերջինիս հետ քաղաքային այգում տեղի ունեցած այն ցավալի դեպքի երկրորդ օրը հավատացնում էր բոլորին, որ պ. Մարուքեն, ճիշտ է, հարբած է եղել: Կարծում եմ, որ ես իրավունք ունեմ Կարո Դարայանին, այդ, իմ կարծիքով ամենահավաստի աղբյուրին, լիովին հավատալու, նախ նրա համար, որ նա հետագայում հայտնի դարձավ քաղաքին, որպես միանգամայն մաքուր, անկաշառ մի՝ անձնավորություն, և ապա՝ նրան, պ. Մարուքեի այդ սրտակից ընկերոջը, իսկի էլ ձեռնտու չէր հարբեցողի դիպլոմ կպցնելը իր «հոգեկցի» ճակատին, մանավանդ որ այդ չարաբաստիկ «դիպլոմը» շատ շուտով պատճառ դարձավ պ. Մարուքեի ուսուցչական դիպլոմից զրկվելուն։ Մի հանգամանք, որի մեջ խառն էր— և նա ինքն էլ չէր թաքցնում— Մազութի Համոյի մատը։ Նա, Մազութի Համոն, որպես ծխական դպրոցների ավագ հոգաբարձու,