Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/134

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բայց ձևականը, այսինքն նրա շարժումների, ձայնի, առոգանության և այլ նրբությանց նկարագրությանը մի կողմ թողնելով, որովհետև, սիրելի ընթերցող, դա վեր է իմ ուժերից, — ես կաշխատեմ պատմել, ամենայն ճշտությամբ, նրա այդ պատմական ճառի բովանդակությունը, կամ ավելի ճիշտ կլինի ասել՝ կորիզը,— և թող ներե ինձ Համո Համբարձումովիչի տառապյալ ստվերը, եթե ես, ինձնից անկախ պատճառներով, թույլ տամ թեկուզ ամենաաննշան, մազաչափ անճշտություններ։

«Խաչատուր Աբովյանը «Վերք Հայաստանի, ողբ հայրենասերի» իր հայտնի վեպում պատմում է» թե ինչպես Լիդիացվոց Կրեսոս թագավորի համր լեզուն բացվում է մայրենի լեզվի հրաշալի հրաշքով»:— Այսպես մանվածապատ, այսպես բանաստեղծական սկսեց իր այդ նշանավոր ճառը Մազութի Համոն: Իմաստն այն է, պարզաբանեց նա հետո, որ հայրենազուրկ մարդու գոյությամբ մի վերք է, մի յարա, իսկ մայրենի լեզուն — հրաշարար բալզամ: Դուք դիտեք, թե ինչպիսի՞ մեծ սիրով, ինչպիսի մեծ ոգևորությամբ քնարերգել են բոլոր մեծ բանաստեղծները, ինչպես մեր Ալիշանը և Գամառ Քաթիպան շարունակեց հետո Մազութի Համոն, — իրենց հայրենի երկիրը, իրենց հայրենի աշխարհը — իրենց հայրենիքը: Ինչո՞ւ, — հարցը շեշտակի, դրեց Մազութի Համոն, — որովհետև, ինչպես հայտնի է բոլորին և ինչպես համոզված է ինքը — այդ երկու գաղափարը, այդ երկու հասկացողություններն են — մայրենի լեզու և հայրենի երկիր — որ, հարմոնիկ կերպով շաղկապվելով իրար, ստեղծում են այն մեծ, այն, ամեն մի ժողովրդի