Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/147

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


մի հանգամանք ևս։ Ժողովը փակված հայտարարվելուց առաջ Մազութի Համոն, չնայած որ այդ մասին արդեն քաղաքում փակցված կային հայտարարություններ— Մազութի Համոն, չնայած այդ հանգամանքին, հարկ համարեց իր կողմից ևս հիշեցնել հարգելի հանդիսականներին, որ երեկոյան ժամը 9-ին, այդ միևնույն դահլիճում, մայրաքաղաքից հյուր եկած հայտնի զինվորական, Գեներալ-պրոֆեսոր Այսինչ— այսինչը կարդալու է դասախոսություն «Նայիրյան հարցի ապագայի» մասին. խնդրում է ներկա լինել և հարգել նրա, հատկապես այդ նպատակով մեր քաղաքը եկած այդ օտարազգի բարեկամի, այդ գեներալ-գիտնականի բարյացակամ վերաբերմունքը դեպի Նայիրյան դատը:

Ժամը չորսը կլիներ, երբ ժողովը վերջացավ։


Պ. Մարուքեն և Կարո Դարայանը. լա՛վ գտել էին իրար այդ «էշի գլուխները», ինչպես կնքել էր նրանց Արամ Անտոնիչը— դպրոցի տեսուչը։ «Մի մատ յուղ» էին դարձել վերջին օրերում նայիրյան այդ քաղաքում այդ երկու պարոնները։ «Խուփը գլորվել— գտել էր պուտուկը» — ասում էր նրանց մասին տեր Հուսիկ քահանան— Խաչագողը: Բայց պ. Մարուքեն, այսպես թե այնպես, էլի «իրենց շունն» էր — վերջին հորջորջումը պատկանում էր իրեն՝ վարսավիր Վասիլին, — իսկ ո՞վ էր, այդ նոր «կապից կտրածը», այդ, ինչպես ասում էր նրա մասին Արամ Անտոնիչը— «Մոսկովներում փչացած անասունը»: Ո՞վ էր, այո՛, այդ հիմար պարոնը, որին հասակավոր քաղաքացիներն էին միայն հիշում փողոցներում վեգ խաղալիս և որը վերադարձել էր ահա իր հայրենի քաղաքը, որպես