Jump to content

Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/17

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նենում — նրանց. «Ուրի՛շ բան ենք մենք, ուրիշ — եվրոպացիք… Ա՛յ» — Եվ նա հիացած աչքերով նայում է հինգհարկանի շենքի տարօրինակ-փոքրիկ քառակուսի պատուհաններին։ «— Դեռ մենք շատ ենք հետամնաց» — ասում է նա։ Այսպես է մտածում պ. Մարուքեն — և նա, իհարկե, ունի իրավունք. պ. Մարուքեն ավարտել է տեղական քաղաքային յոթնամյա դպրոցը և, իրերի անհայտ բերմունքով, երկու-երեք ամսով եղել է Բեռլինում.— գոնե այսպես է հավատացնում ինքը, պ. Մարուքեն։ Նա սիրում է միմիայն նորն ու կատարյալը — և չի կարող տանել ոչ մի հնություն։ Այսպիսով նա, միանգամայն իրավացիորեն, եվրոպացու հռչակ է վայելում նայիրյան այդ քաղաքում — և բոլորը, մեծ թե փոքր, բացի երկրորդ ծխականի ուսուցիչ ընկ. Վառոդյանից, հարգում են նրան։

Բայց քաղաքը, բացի այդ հինգհարկանի հրաշք-շինությունից, ուներ մի շարք տեղական հրաշալիքներ, որոնցով դժբախտաբար չէր հետաքրքրվում պ. Դրաստամատյանը։ Սակայն ինչ ուզում է պ. Մարուքեն կարծե — առանց այդ հրաշալիքների նայիրյան այդ քաղաքը՝ եթե ոչ իր ամբողջ հմայքը, գոնե իր հմայքի կեսից ավելին անպայման կկորցներ — հենց իրենց, այդ քաղաքի բնակիչների աչքում։ Եվ ճիշտ որ. ինչո՞ւ համար կատարյալ հրաշալիքներ չեն կարող համարվել — թեկուզ հենց Բերդը, կամ, ասենք,— Վարդանի կամուրջը, կամ, վերջապես — Առաքելոց եկեղեցին… Իսկ ձորի Սլլան քա՞րը, Ճգնավորի մատո՞ւռը,— ո՞րը թվեմ։— Բոլորն էլ հրաշք են, զարմանալի զարմանք, անկարելի հնճարք։