Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/238

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

զուգընթացաբար քաղաքում պտտվել սկսեցին չուրեր, թե շարժվել է արդեն ոսոխը և գալիս է նայիրյան այդ քաղաքի վրա. գալիս է սելավանման, քար ու քանդ անելով այն ամենը, ինչ որ գտնում է իր ճանապարհին։ Այսպիսի՛ ահա լուրեր պտտվել սկսեցին այդ առավոտ քաղաքում, և այս լուրերի հետ մեկտեղ, սրանց զուգընթաց՝ պտրտվել սկսեցին քաղաքում — ոչ թե ուրիշ լուրեր, այլ կենդանի մարդիկ. քաղաքում պտտվող այդ ոչ թե լուրերը, այլ կենդանի մարդիկ մտնում էին տներր և տներից դուրս էին բերում— ոչ թե իրեր, այլ զենքի ընդունակներին ու քշում կայարան,— քշում ֆրոնտ: Եվ այս ամենը կատարվում էր ոչ թե այնպես, քամու բերածով, այլ այն պատերին փակցրած սպիտակ, բայց այս անդամ նայիրատառ, և ոչ թե հայտարարությունների, այլ հրամանների հիման վրա, հրամաններ, որոնց ներքևը — о՜, զարմանալի զարմանք, — դրված էր ոչ թե ընկ. Վառոդյանի, կամ Տեղական Կոմիտեի, կամ զինվորական իշխանության, և կամ, վերջապես, իրա՝ Համո Համբարձումովիչի անունը, այլ — այդ նայիրատառ հրամանների ներքևը դրված էր—երեվակայո՞ւմ եք — ոչ թե անուն, ազգանուն, կամ հիմնարկոլթյան անուն ասենք, այլ — երեք տառ միայն, երկու Հ. և մի Դ. (Հ. Հ. Դ.)...— Եվ այդ երեք տառերի ազդեցությունն ավելի էր ուժեղ ու զարհուրելի, քան հազար—հազար թեկուզև Մազութի Համոների, կամ զանազան իշխանությանը անուններ... Մահվան սարսուռ էր փչում այդ երեք տառից—ահա՝ թե ինչ։ Երեք այդ զարհուրելի տառերով ստորագրված հայտարարությունը, ներողություն— հրամանը —սկսվում էր