Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/36

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Բայց շուտով պարզվել է, որ ոչ Բերդն է պայթել, ոչ Առաքելոց եկեղեցին, և ո՛չ էլ պատերազմ է սկսվել։ — Երանի այդ լիներ, — ինքն իրեն տղայաբար հերքելով ասում է մինչև օրս ընկ. Վառոդյանը, — բայց, մեր կարծիքով, բարեբախտաբար այդ չի եղել, այլ պայթել է, երևակայո՞ւմ եք... Վարդանի կամուրջը, այսինքն ոչ թե ինքը կամուրջը,այլ նրա դիմաց գտնվող այն հողե խրճիթը, որի մասին քիչ վերը խորհրրդավոր կերպով հիշատակեցինք։ — Խրճիթում պայթել է երեք փութ... դինամիտ... ահա՛ թե ինչ... Եվ հետևյալ օրն այդ խրճիթի տակից զինվորներն ու ոստիկանները հանել են չորս կիսավառ դիակներ, ավելի ճիշտ՝ դիերի մնացորդներ: Եղել են՝ բոլորին ծանոթ Ղարաբաղցի Նիկոլը, ուսուցիչ, — Մշեցի Մարգարը, սրճարանատեր, — Ռուս Աբրահամը, գաղտնի ոստիկանության պաշտոնյա, — և Վարժապետ Կարոն, — նա, որի մասին խոսելիս ընկ. Վառոդյանը միշտ ակնածանքով ասում է ընկեր Կարոն: — Ահա՛ թե ինչո՞ւ է Ընկերությունը կենտրոն և նույնիսկ— Գերկենտրոն, սիրելի ընթերցող։ Եվ ի՞նչ նշանակություն կարող է ունենալ, բացի դրականից, այն հանգամանքը, որ հողե այդ խրճիթում պայթած դինամիտի ազդեցությունը կողմնակի կերպով արտահայտվել է ընկ. Վառոդյանի կռնակի վրա, որպես կապույտ գծերի նրբահյուս մի նկար։ Այն մյուս, սոխի գլխի չափ անգամ ընկ. Վառոդյանի աչքին նշանակություն չունեցող «Դառնության կենտրոնում» (ինչպես անվանում է ինքը ընկ. Վառոդյանը հինգհարկանի շենքը), — եղել է — հերոսական պայքար, անպարտ ընդվզում— մի կողմից