Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/422

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Առավոտյան այս պահերին դպրոցը չի աշխատում։ Պարապմունքները դպրոցում տեղի են ունենում երեկոները, երբ կալանավորներն ազատվում են աշխատանքից։

Եվ այսպես՝ կալանավորների 75%-ն անցկացնում է իր օրը, ո՛րն արհեստանոցներում, ո՛րը գրասենյակներում, ո՛րն էլ կուլտ-բաժնի զանազան սեկցիաներում։ Իսկ անգործ կալանավորների մի մասը կարդում է ընթերցարանում, մյուսները շրջում են բակում, կամ իրենց կամերաներում նստած՝ զբաղվում են նարդի, շախմատ, կամ «կատորժանին» կոչված խաղերով։ Դրանցից մի քանիսը երաժշտական գործիքների վրա նվագել են սովորում, մի քանիսն էլ իրենց օրն անց են կացնում հացի խմորից համրիչներ, մարալներ կամ վարդատունկեր շինելով։

Ժամը երկուսին հավաքվում են ճաշի և ապա նույնը, մինչև երեկո։

Վերջապես Ուղղիչ Տան պատերից ներս է սողոսկում մութը, լամպերը վառվում են, կալանավորների հոծ բազմությունը դառնում է աշխատանքից, փակվում են կորպուսի դռները. և սկսվում է Ուղղիչ Տան երեկոն՝ լի աղմուկով ու կարոտով, որովհետև օրվա այդ պահերին է մանավանդ, որ կալանավորներն ամենից ավելի խորն են զգում ազատազրկման ամբողջ դառնությունը...

XV.ՈՒՂՂԻՉ ՏԱՆ ԵՐԵԿՈՆ ՈԻ ԳԻՇԵՐԸ

Երեկոյան ժամը յոթին փակվում էին կորպուսի դռները, և սկսվում էր Ուղղիչ Տան երեկոն...