Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/429

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Այդ արհեստանոցում կալանավորները բարակ փայտից շրջանակներ, փոքրիկ պահարաններ և նման մանր-մունր գեղարվեստական իրեր էին շինում, որոնք և կիրակի օրերը վաճառքի էին հանվում քաղաքում։ Հաճելի էր երեկոները մտնել այդ արհեստանոցը։ Լույս, տաք, գոլ. երգում է բարակ սղոցը՝ զանազան նկարներ է կտրում բարակ տախտակներից։ Մյուսները փայլ են տալիս այդ տախտակներին, հետո փակցնում են իրար։ Բելոգուրովն ու Եֆիմ Բրավելմանն այդ շրջանակների վրա նկարում էին բնության տեսարաններ. Բելոգուրովը համարյա միշտ ծովային տեսարաններ էր նկարում, իսկ Եֆիմ Բրավելմանը՝ գյուղական ձմեռային գիշերներ... Ձյուն, խարույկ, մի փոքրիկ խրճիթ, որի պատուհանից փայլում է տաք, գոլ լույսը. վերևում, սպիտակ ամպերի արանքից՝ դեղին կիսալուսին...

Այդ արհեստանոցում աշխատում էր մի գունատ երիտասարդ՝ Միշա անունով։ Ձերբակալվել էր գողության ու խուլիգանության համար. ռեցիդիվիստ էր համարվում։ Հայ էր, ասում էր պարսկաստանցի է, բայց հայերեն չգիտեր։ Ռուսախոս էր ու ռուսական նուրբ դեմք ուներ. շեկ, ոսկեգույն, հարթ սանրած մազեր, կապույտ աչքեր։ Կոկայինիստ էր, մորֆինիստ։ Չնայած նիհար, նուրբ կազմվածքին՝ միանգամից կարող էր խմել մի թեյի բաժակ մաքուր դենատուրատ, առանց ջրի։ Շնորհքով երիտասարդ էր՝ ամեն ինչ ձեռից կգար։ Նկարում էր, նվագում համարյա բոլոր գործիքների վրա, հացից մարալներ էր շինում, փայտից շինում էր շրջանակներ։ Երբեմն երեկոները կուլտ-բաժնից նա վերցնում էր