Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/452

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ամբողջ օրը սադափներ էր փակցնում վրան, նախշում, գեղեցկացնում։ Նրանից վարակվելով՝ սկսեց իր ուդը սադափազարդել նաև Հաջին, բայց կարծեմ ավելի շուտ փչացրեց իր յուրօրինակ գործիքրը քան գեղեցկացրեց։ Բացի սադափազարդելը՝ նա իր ուդը մի անգամ տարավ Եֆիմ Բրավելմանի մոտ և երեսին նկարել տվեց Մասիսները։ «Մասիսն ու Արարատը» — ինչպես ասում էր նա՝ ցույց տալով մեծ ու փոքր Մասիսները։ Նրա կարծիքով փոքր Մասիսի անունը Մասիս էր, իսկ մեծինը՝ Արարատ…

Կարոն ոչ միայն մեր կամերայում, այլև ամբողջ Ուղղիչ Տանը հայտնի էր և նրանով, որ ասեղների

և հասարակ մուրի միջոցով նկարազարդում էր կալանավորների մարմինները։ Կրծքերին աղջիկներ էր նկարում, թևերին՝ սիրտ ու խարիսխ։ Լյումպեն—կալանավորների մեջ չափազանց տարածված էր այս։ Կային կալանավորներ, ինչպես օրինակ՝ Լազգին, որոնց ամբողջ մարմինը զարդարված էր նկարներով։ Հետաքրքիրն այն էր, որ Լազգու բոլոր հարմար ու անհարմար տեղերի վրա նկարված էին… իհարկե, աղջիկներ։ Միխոն ևս իր կրծքի վրա ռուս կին նկարել տվեց, իսկ թևերի վրա մանկահասակ աղջիկներ… Եֆիմ Բրավելմանը նախապես թղթի վրա քիմիական մատիտով նկարում էր հարկ եղած պատկերը, որը և թրջում էին ու փակցնում մարմնին։ Հետո թուղթը հանում էին, և մարմնի վրա դուրս եկած ուրվագծով սկսում էր աշխատել Կարոն։ Եֆիմ Բրավելմանը սրանից էր իհարկե, հասույթի աղբյուր էր ստեղծել, այնինչ Կարոն աշխատում էր միանգամայն անշահ լոկ արվեստի համար, որպես անշահ արվեստավոր…