Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/48

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Եվ այդ էլ՝ «Լույս» ընկերության ներկայացուցիչ Համո Ասատուրովի շնորհիվ, այն Համո Ասատուրովի, որին, նավթի հետ գործ ունենալու պատճառով, քաղաքում կարճ անվանում են— «Մազութի Համո»: Չնայած այն հանգամանքին, որ «Լույսի» ներկայացուցիչ Համո Ասատուրովը— Մազութի Համոն— գավառապետի ամենամոտիկ բարեկամն է և նրա տարիքավոր կնոջ՝ Ագրիպպինա Վլադիսլավովնայի միակ մխիթարանքը այդ «տաղտուկ, զզվելի, հիմար քաղաքում» — մյուս կողմից՝ չնայած որ գավառապետն իր հերթին մշտական հյուրն է Համո Համբարձումովիչի հյուրընկալ ընտանիքում՝ մանավանդ երբ տանն է լինում ոչ թե ինքը Մազութի Համոն, կամ նրա կինը՝ Անգինա Սարսեղովնան, այլ նրանց աղջիկը՝ տասնութ տարեկան «Սևաչյա Պրիմադոննան», — չնայած, կրկնում ենք, Մազութի Համոյի ընտանեկան այս բարդ հանգամանքներին— գուցե և շնորհիվ հենց այդ հանգամանքների— Մազութի Համոն է՛ և կմնա միակ կենտրոնական անձնավորությունը նայիրյան այդ քաղաքի— և ո՛չ մի ազգային, կամ հասարակական խնդիր չի կարող արծարծվել կամ ընթացք ստանալ առանց նրա, Մազութի Համոյի, սանկցիայի։ Որովհետև, բացի վերոհիշյալ հանգամանքները, Մազութի Համոն ամենախելացի և գործունյա անձնավորությունն է ամբողջ քաղաքում, դիրքի տեր է, ռոճիկավոր պաշտոնյա է թեկուզ բայց սեփական տուն ունի և մի քիչ էլ հող, — մի խոսքով՝ հարուստ է, խելացի, հասարակական լայն կապեր ունի, և, որ ամենագլխավորն է՝ Մազութի Համոն անդամ է... «Ընկերության» — և այն էլ՝ ազդեցիկ անդամ...