Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/492

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Մին պապիրո՛ս տուր Հայրոյին, — ասաց ինձ Բենժամենը։ Տուփը երկարեցի Հայրոյին, որին առաջին անգամ էի տեսնում և կարծում էի թե սովորական կալանավոր է։

— Շնորհակալ եմ, — վախեցած պատասխանեց Հայրոն և ձեռքերը շտապով վերև բարձրացրեց, որ հանկարծ պատահմամբ չդիպչի իմ տուփին։ Տարօրինակ թվաց այդ և մեկ էլ աչքերի արտահայտությունը․ աչքերում անհանգստություն կար, կասկածանք կարծես շտապում էր խուսափել ինչ-որ վտանգից։

— Գիժ ա, — ինձ մի կողմ քաշելով շշնջաց ականջիս Բենժամենը. — միշտ ըտենց ա։ Մարդուց բան վերցնել չունի։ Էս ամբողջ Ուղղիչ Տանը մենակ ինձնից կվերցնի, մեկ էլ էն մեր Սուրենից։ Հաց ուտել չունի, մինակ էն սուպն ա խմում… Գիտաս հի՛նչ ուժ ունի՞ — որ ուզի էն դուռը կպոկի…

Ու ցույց տվեց կորպուսի երկաթյա դուռը։

Հայրոն խելագարության պահուն սպանել էր իր մորը, և նրան ձերբակալել էին ու բերել Ուղղիչ Տուն։ Կասկածում էին թե սիմուլյանտ է, բայց հիմք չունեին այդ կասկածները։ Վերջում նրան տեղափոխեցին հոդեկան հիվանդանոց:

Հայրոյին ես չտեսա կատաղի խելագարության պահերին։ Սակայն պատմում էին, որ այդ վայրկյաններին նա զարհուրելի է լինում, Կոտրում է, խփում, ջարդում, — կարող է և սպանել Խելագարությունն, ասում էին, սկսվում է անհանգստությունից։ — Լուռ, մտազբաղ, առանց շուրջը նայելու, անհանգիստ շրջում է միջանցքներում — և