Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/572

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հասնող մի աշտարակ, աստծուն զայրացրել է դա, և նա պատժել է մարդկանց, դատապարտելով մի ահավոր խառնաշփոթության: Աներևակայելի բաներ էին կատարվում այդ ժամանակ կայարանում — Մշ հաղորդում էր. «Ապրիլի 11-ի ցերեկը՝ ժամը 3֊ին սկսվեց երկու կողմից թույլ թնդանոթաձգություն, որ տևեք կես ժամ: Այնուհետև Թիֆլիսից ստացած հեռադրի հիման վրա սպիտակ դրոշակով պատգամավորներ գնացին թուրքերի բանակը և խոստացան Կարսը հանձնել։ Հենց որ այդ լուրը տարածվեց քաղաքի մեջ, զինվորները սկսեցին գոռալ. «Փախեք, թուրքը գալիս է»։ Սկսվեց սոսկալի իրարանցում, լաց ու կոծ, սուգ ու շիվան. քաղաքը դատարկվեց. փողոցներում մնացին բազմաթիվ անտեր կովեր, ոչխարներ, շներ, կատուներ, որոնց ոռնոցը և մլավոցը առաջ էր բերում սոսկալի հուզմունք, հուսահատություն։ ժողովուրդը թափվեց երկաթուղու կայարանը։ Ապա այդտեղ էր սոսկալի իրարանցումը։ Տեղ ճարելու համար կոտորում էին իրար։ Շարժվեց գնացքը. բախտավորները երկաթուղու վագոններում իրար վրա պառկած և կողքերին թափված գնում էին։ Անձրև էր գալիս, սարսափելի ցուրտ էր. վագոնների կտուրների վրա թառածների դրությունը անտանելի էր։ Շատերը իրանց կապած ապրանքները կայարանում թողած՝ ոտով փախան։ Ճանապարհին սայլերը շուռ էին եկել ցեխի մեջ. երեխաները անձրևի տակ լաց էին լինում. մեկը երեխային էր կորցրել, մի ուրիշը հորը, կամ կնո¬ ջը» (տե՛ս 1918, № 83)։ Մի այլ թղթակցության մեջ Ալեքսանդրապոլից գրում են. «Զինադադարի հաջորդ օրը այստեղ թափվեցին զորքը և ժողովուրդը, որոնց մեծ մասը եկել էր ձեռնունայն և ոտքով։ Գնացքները Ալեքսանդրապոլ էին հասնում լի բազմությամբ: Վագոնների կտուրներին, աստիճանների վրա, շոգեմեքենաների վրա ու շուրջը, մի խոսքով գնացքում որքան կանգնելու, բռնելու, նստելու տեղ կար, դատարկ չէր թողնվում» (տե՛ս Հզ, 1918, № 85)։ Նույն օրերին էլ մամուլը հաղորդում է, որ այդ վերջին գնացքներից մեկը խորտակվել է Ղարաքիլիսայի (այժմ Կիրովական) մոտերքը, նորից աղետ պատճառելով գաղթող բնակիչներին։ Քաղաքում ծայր էին առել հրդեհները — Ականատեսները հետագայում գրում են, թե զորքն ու ժողովուրդը փախչում էր «բոցավառվող փողոցների միջով»։ Հետագայում Կարսի անկումից հետո,