Jump to content

Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/70

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Թեյը, դեղին, պաղ, հորանջում է ապակյա բաժակներում. ձանձրալի է. հավաս չկա. թեյ, թեյ, թեյ,— ամեն օր նույնը։ Ձանձրալի են օր. Վարդուհու զրույցները կանացի առաքինության մասին — օր. Նվարդին, իսկ օր. Նվարդի տափակ հանաքները օր. Վարդուհու ականջներն ու հոգին տանջում են, բռնաբարում են համարյա. ոչ խոսքն է օգնում, ոչ վրդովմունքը։ Պ. Մարուքեն թերթ է կարդում և քթի տակ ծիծաղում է օր. Վարդուհու վրա, իսկ երբ լսում է պ. Աշոտի դողդոջուն ձայնը, որով նա խնդրում է օր. Նվարդին մի բաժակ թեյ ևս լցնել — աչքերը բարձրացնում է թերթից և պաղ նայում է պաշտոնակցի դեմքին։ Իսկ պ. Բյուզանդ Վարդերեսյանը համարյա ամեն օր մեծ դասամիջոցին հաճույքով վիճում է օր. Վարդուհի Զատիկյանի հետ բարոյախոսության մասին և գոհ է թե իր հայացքներից, թե իր խռպոտ ձայնից և թե, մանավանդ, օր. Վարդուհուց, որ միշտ համաձայնվում է նրա հետ և միշտ ասում է, հայացքը օր. Նվարդին դարձնելով. «Ճի՛շտ է, պ. Բյուզանդ. մարդիկ, մանավանդ կանայք, պետք է առաքինի լինեն։ Ես միանգամայն համաձայն եմ Ձեզ հետ, պ. Բյուզանդ»։ Եվ պ. Բյուզանդը, գոհ, ժպտադեմ՝ սրբում է իր նայիրյան մեծ քիթը կարմիր թաշկինակով։

Տալիս է զանգը, և ուսուցիչ-ուսուցչուհիները, դանդաղ, տեղերից հազիվ բարձրանալով, նորից գնում են դասարանները՝ պարապմունքները շարունակելու։


Երբ օր. Նվարդը մտնում է դասարան, աշակերտներից ամենաչարը և ամենահերոսը, որ ընկերների