Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/329

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

սկսում են թափվել այդ էլեմենտները, այդպես կարող է գրել նյութը լավ իմացող հեղինակը։

Այժմ վերցնենք Դեմիրճյանի «Տերտերը» (սկսում է կարդալ)։ Ես այստեղ խոսում եմ իրեն հեղինակի լեզվի մասին, թե ինչպես է հեղինակը խոսում։ Իհարկե, հեղինակը կարող է իր հերոսներին ինչ լեզվով ուղում է խոսեցնել։— «Լվացքդ պրծա՞ր, իրիցկին»25— այստեղ լեզվական կոլորիտը ստեղծված է ոչ թե բառապաշարից, այլ սինտաքսիսից, այսինքն լեզվական ֆորմայից: Հեշտ բան է բառապաշարի միջոցով որոշ կոլորիտ ստեղծել։ Մենք ամենքս էլ դա կարող ենք անել, բայց սինտաքսիսի միջոցով չափազանց դժվար է։ Պետք է ասեմ. որ մեր նոր հեղինակներից և ոչ մեկը չի գործադրում այս ձևը։ Ես դա ասում եմ ոչ միայն մեր պոետների, այլև արձակագիրների մասին, ես դա ասում եմ ոչ միայն իմ, ոչ միայն Ակսել Բակունցի, այլև մեր մյուս բոլոր երիտասարդ գրողների մասին։ Մենք աշխատում ենք նիվելիրովկան այնքան առաջ տանել, մինչև որ մեր լեզվի ինքնուրույն ձևերը իբրև գավառալին լեզվի մնացորդ վտարում ենք մեր լեզվից։

Այժմ տեսնենք, թե որոնք են այստեղ այն էլեմենտները, որոնք լեզվին տալիս են ազգային ձև։

Տիրացուի կնիկն էր, չոր ու ցամաք, մնոտ
երես (շարունակում է կարդալ):

Սա արդեն մի ամբողջ լեզվական սիստեմ է, որ հատուկ է մեր լեզվին և հատուկ է իրեն, հեղինակին: Այսպես մեզանից ոչ ոք չէր գրի։ Ապա Դեմիրճյանը շարունակում է. «Նա նորից թեքվեց... և մի կեղտոտ շապիկ խեղդելով սկսեց ճմռել»։ Սա նույնպես, ընկերնե՛ր, լեզվական ոճ է, լեզվական ստիլ է, ձև է, որ հատուկ է մեր լեզվին և տվյալ հեղինակին: Սակայն այստեղ