Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/374

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ձեզանից մի խոսք իմանամ, որովհետև Ձեր խոսքը ինձ կփրկի. Դուք կամք ու ազդեցություն ունեք ինձ վրա, ես վախ ունեմ Ձեզանից — էս էլ է լավ, Լեյլի, որ մարդ վախ ունի, սիրած աղդեցություն. քո նամակի հետ 5 հատ բալլադ եմ ուղարկում7, էն ժամանակ են գրած, վերջիններն են, իսկ դրանցից հետո ես ոչ մեկ տող չեմ գրել հալա, և չգիտեմ պիտի կարողանա՞մ գրել, թե ոչ։

Ընդունեցեք ամենաանկեղծ բարևներս, հարգանքներս—

Ձեր` Եղիշե Չարենց

<1>921, 10 I, <Երևան>

6. ԼԵՅԼԻԻՆ

Սիրելի Լեյլի,

Ամենախորին հարգանքներս և ամենալավ բարևներս:

Նամակաբերս կինս է. ամուսնացել եմ1: Լավ աղջիկ է. խնդրում եմ սիրեք և ընդունեք:

Ի՞նչ եք անում. եկան ասին, որ ուզեցել եք ինձ նամակ գրել — չեք գրել: Լավ չի. բարեկամին ինչո՞ւ էդպես շուտ մոռանալ: Դե ես, գիտեք որ, հարգում և սիրում եմ Ձեզ։ Շատ եմ հարգում։ Միշտ հիշում եմ ու տխրում։ Իսկ Դո՞ւք։ Դե, ինչ արած։ Հո չի կարելի կանանց մեղադրել. կանայք միշտ շուտ են մոռանում։ Էդպես է նրանց ճակատին գրած։ Ճակատին գրածը չես ջնջի։

Բայց հո բարեկամական տխրությունն էլ-հարգանքը դեպի լավը, լուսավորը` չես ջնջի սրտից: Էն էլ- պոետի սրտից։ Ինչ արած: На то и поэт, что тосковал. Լեյլի, Լեյլի: Լավ Լեյլի: Լեյլի: