Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/479

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Պայծա՛ռ են աստղե՛րը,
Աստղե՛րը շողո՛ւն են,
Սրտո՛ւմ իմ ստվե՛ր է,
Խավա՛ր է հոգո՛ւմ ի՛մ5...

Շատերը մինչև, հիմա այս քառյակը կարդում են այսպես.—

Պայծառ են աստղերը,
Աստղերը շողուն ե՛՛ն
Սրտում իմ ստվեր է՛՛,
Ստվեր է հոգում ի՛՛մ,—


ստացվում է - տաղաչափական աբսուրդ... Սակայն, եթե բանաստեղծությունն - արվեստ է (APS poetica)6, ապա պետք է որ երբևիցե հայ ժողովուրդը սովորի կարդալ բանաստեղծությունն իբրև բանաստեղծության... չէ՞ որ ամբողջ «Իլիականը» իր տաղաչափությամբ արհեստական է, և յուրաքանչյուր հույն գիտե, որ բանաստեղծությունն այլ կերպ է կարդացվում, իսկ պրոզան - այլ: Յուրաքանչյուր կրթված հույն գիտե, որ բանաստեղծության մեջ բառերն ա՛յլ շեշտ ունեն, իսկ պրոզայում, այսինքն սովորական խոսակցության մեջ- այլ... «Բանաստեղծական կուլտուրա» արդեն ոչ այլ ինչ է նշանակում, եթե ոչ սովորեցնել ժողովրդին ըմբռնել բանաստեղծական շարքը, որպես բառերի ա՛յլ համակարգում:- Ուրիշ ոչինչ:

Յուրաքանչյուր բանաստեղծություն - ինքնին արդեն արհեստական է, այսինքն մի համակարգում, որ մարդը բնության օրենքներին հակաոակ, Ի՛ՆՔՆ է մտցնում կյանքի մեջ։ - Բնության ադեկվատ կարգը - ՊՐՈԶԱՆ է, բանաստեղծությունը - մի՛շտ հնարովի է, միշտ - սուբյեկտիվ... Ահա ա՛յս է, որ պետք է ամենից առաջ հասկանան մեր տնաբույս քննադատները։...