Jump to content

Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/10

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

− Էֆենտի, կաղաչեմ, կպաղատեմ, այսօրվան համար գոնե փոքրիկ նպաստ մը շնորհ ըրեք, բացառիկ բան մը… պզտիկ գումար մը, որով կարենամ զավակս գոնե քանի մը օր ապրեցնել…

− Անկարելի է, էֆենտիմ, անկարելի,− բացագանչեց Ղուկաս էֆենտի,− հոս կարգ կանոն կա, ամեն բան օրենքով կըլլա՝ մինչև հիմա ինտոր ապրեցար նե՝ քանի մը օր տահա ապրե… առանց քննության դրամ չենք կրնար տալ, նայինք ո՞վ ես, ի՞նչ ես, իրավցնե կարո՞տ ես… կարելի է մեզի կխաբես կոր, կարելի է քեզի օգնող մը ունիս, թոհաֆ բան, չհասկցված՝ փարա կտրվի՞… մենք ի՞նչ գիտնանք ո՞վ ես, ի՞նչ ես… կարելի է բոզին մեկն ես… ալլա՜հ, ալլա՜հ…

Եվ էֆենտին անձրևանոցը ու լաստիկը հագնելով, երկուքնոց մը նվեր տվավ դռնապանին ու առավ քալեց իր պաշտոնակիցներուն հետ։

Սաթենիկ քարացեր մնացեր էր եղած տեղը, էֆենտիին վերջին բառերը՝ «կարելի է բոզ մըն ես», ահռելի հարվածի մը պես իջած էր գլխուն, զինքը սահմռկեցնելով, անէացնելով: Երբ քիչ մը ինքզինքին եկավ, սենյակին մեջ առանձին մնացած էր քարտուղարի հետ։

− Անունդ արձանագրել պիտի տա՞ս,− հարցուց քարտուղարը, որ կուզեր ժամ առաջ տետրակները ժողվել ու էրթալ։

Սաթենիկ զարմացումով քարտուղարին նայեցավ, չհասկնալով թե ի՞նչ կուզեր։ Իր շփոթության մեջ ամեն բան մոռցեր էր, հետո հիշեց.

− Այո, անունս ու հասցես… քննություն կատարելու համար… Սաթենիկ Ամասյան, Ֆերիգյուղ, Պաքալ փողոց, թիվ 26…

Ու մեկնեցավ, մտամոլոր, գլուխը սև շալին տակ ծածկած, եկեղեցիին պատի քովեն սողալով:

Երբ բանկալին մոտ հասավ, Թաղ. Խորհրդարանի դռան առջև բազմություն մը խմբված էր։ Դռան սեմին վրա կերևար Ղուկաս էֆենտին, իր հաստ, զանգվածային մարմինը հաղթականորեն տնկած, ոլիմպյան Արամազդի մը վեհափառությամբ. իր պաշտոնակիցները ակնածանքով, քիչ մը հեռու կեցած էին։ Ծանրակշիռ դեպք մը տեղի ունեցած էր քիչ մը առաջ, որ խիստ բարկացուցեր էր էֆենտին, Աղքատախնամին սենյակեն խորհրդարանը եկած միջոցին։ Ժամուն բակը քանի մը տղաք ձյունագնդակ կխաղային զիրար հալածելով։ Գնդակներեն մին