Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/9

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


− Է, ի՞նչ կա, ի՞նչ կուզես, առտուն չի՞ գայիր։

− Առտըվնե ի վեր հոս դուրսը կսպասեի կոր,− կմկմաց Սաթենիկ։

− Էյ, ի՞նչ կուզես. նպաստ կուզե՞ս, անունդ արձանագրվա՞ծ է, քննություն կատարվա՞ծ է քու մասիդ, խոսե՛, պատասխանե՛, ի՞նչ փատի պես կեցեր ես…

− Ոչ, դեռ առաջին անգամ է, որ եկա. աղջիկս հիվանդ է, սնունդի պետք ունի, ես այրի եմ ու ոևէ նյութական կարողություն չունիմ… կաղաչեմ, կխնդրեմ, անմիջական օգնության մը շնորհ բերեք…

Ու խեղճ կինը այս բառերը դժվարավ, հազիվ լսելի ձայնով մը արտասանելե ետքը, թաշկինակը աչքերուն տարավ, անոնց խոնավությունը սրբելու համար։

− Ճանըմ, քեզի բան մը կհարցնենք կոր, պատասխան տուր,− գոռաց Ղուկաս էֆենտին,− նյութական վիճակիդ մասին քննություն եղա՞ծ է…

− Բայց այս կինը դեռ այսօր, առաջին անգամ ըլլալով մեզ կներկայանա կոր նպաստ խնդրելու համար,− բացատրեց անդամներեն մեկը։

− Հա, սանկ ըսե,− պատասխանեց էֆենտին…− անանկ է նե՝ անունը և հասցեն նշանակեցեք, քննիչ հանձնաժողովեն մեկը թող երթա վիճակը լավ մը հասկնա տե, տեղեկագիր մը բերե, մենք ալ անոր համեմատ բան մը որոշենք։

Եվ Սաթենիկի դառնալով՝ վճռական շեշտով մը գոչեց.

− Տասնըհինգ քսան օրեն մեյ մը անցիր…

Ոտքի ելավ, մեկնելու համար։ Մյուսներն ալ հետևեցան իրեն, մինչ քարտուղարը անոնց դուրս ելլելուն կսպասեր, որպեսզի կնոջ անունն ու հասցեն արձանագրեր։

Սակայն Սաթենիկ խելահեղ սոսկումով մը իր շուրջը կնայեր, կարծես առանց բան մը հասկնալու անցած դարձածեն։

Քսան օր ետքը… միթե կարելի՞ էր, ինք, որ նույն ժամուն, նույն վայրկյանին անհրաժեշտ պետք ուներ օժանդակության։ Ու նորեն աչքին առջև կցցվեր Սիրվարդի տժգույն և ազազուն դեմքը, որ իր ստամոքսին պարապությունը կողբար։ Ինչպե՞ս կրնար ձեռնունայն դառնալ տուն, ինք՝ որ ինքզինքին խոստացեր էր ամեն ստորնացումներու, ամեն նվաստությանց գնով, անպատճառ բան մը տանելու զավկին։