իրեն, որ բացարձակ կերպով կպնդեր այրի կնոջ ու երիտասարդին պատվավորության վրա։
− Անմեղ կնկան արունը պիտի մտնաք, ինտո՞ր ատ թուղթը ստորագրեցիք,– ըսավ գործավորին հանդիմանական շեշտով մը:
− Ամա Հաճի Թումիկը երբոր ըսավ քի…։
− Ճանըմ, Հսճի Թումիկ աղեկ մարդ է, բայց քիչ մը դյուրահավատն է,− պատասխանեց Սիմոն,− շուտով մըն ալ կբռնկի, կօգտե որ քիչ մը կռնակը ծեծես, դուն ես ըսե. այս գործին մեջ կխաբվի կոր անիկա, մեկու մը ձեռք խաղալիք կլլա կոր, ամմա չեմ գիտեր որո՛ւ… եաքը մեջտեղ պիտի ելլա հարկավ։
− Ծո, անանկ է նե՝ հիմա գալուն պես ես իմ ստորագրությունս հա կառնեմ,− գոչեց գործավորը, որ արդեն կսկսեր խղճահարութենե տառապիլ…− ես իմ հոգիիս վրա ասանկ բեռներ չեմ ուզեր, իլլե ասանկ Ծնունդի օրերուն…
Եվ ահա, կամաց-կամաց, խանութին մեջ գտնվող մյուս հաճախորդներն ալ խոսքի խառնվեցան:
Սերգիս իր ամբողջ պերճախոսությունը թափեց։ Բավական մոտեն ծանոթ էր ժողովրդական դասակարգի մարդոց պարզ հոգեբանությանը, գիտեր անոնց սրտին փափուկ թելերը։ Նույնիսկ հայտնեց, թե ինք խնդրո առարկա երիտասարդին մտերիմ բարեկամն էր և այս առթիվ երկարորեն Գարեգինի գովեստը ըրավ, հետո խոսեցավ նաև Սաթենիկի վրա, պատմեց ինչ որ ինք լսած էր իր բարեկամեն․ խեղճ այրի կնոջ թշվառ վիճակը, Աղքատախնամեն ըրած դիմումը, նպաստի մերժումը, վերջապես մեզ ծանոթ ամբողջ եղերական մանրամասնությունները։
Բոլոր ներկաները խորին ուշադրությամբ մտիկ կընեին երիտասարդը՝ որան հետ միացած էր նաև ատաղձագործ Սիմոն աղա, որ Սերգիսի բացատրությունները լսելով ինքն ալ այժմ ջերմ պաշտպանը կհանդիսանար զրպարտված այրիին ու երիտասարդին:
Գինետան մեջ գտնվող հաճախորդներու մեծամասնությանը ստորագրած էր այդ հանրագրությունը՝ Հաճի Թումիկի վստահելով և հիմա տրտունջներ կբարձրանային անոր դեմ։
Սերգիս կրկին խոսեցավ, ըսավ թե գործված սխալին առաջքն հարկ էր առնել, որպեսզի ամեն մարդս, խիղճը հանդարտեր. և ասոր միակ միջոցն էր համոզել Հաճի Թումիկը, որ այդ թուղթը մեջտեղեն վերցնե, աոանց իր հասցեին տանելու։ Իսկ եթե համառեր, այն ատեն անոնք, որ կզղջային ստորագրություն դրած ըլլալուն,