Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/103

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հավատալ։ Ինչպե՞ս կարելի էր այդպիսի բան մը։ Ընդվզում մը չէ՝ ապստամբություն մըն էր այդ՝ իր իշխանության դեմ։

− Ինչո՞ւ համար,− գոչեց բարկաճայթ հոնքերը պռստելով։

− Ան կնիկը ու երիտասարդը պարկեշտ, խեղճ մարդիկ են եղեր, մենք խաբվեր ենք, չենք ուզեր, որ մեր իմզայով անոնց գեշություն ըլլա… մենք խղճի տեր մարդիկ ենք։

− Ատ խալթը ո՞վ խառնեց,− գոչեց այս անգամ Հաճի Թումիկ բարկութենեն փրփրած։

Ձկնավաճառ Համբիկ, որ ամենուն կողմե խոսք առածի ձևով կխոսեր, չպատասխանեց, մյուս ներկաներն ալ լուռ մնացին։

− Ո՞վ է ձեր խելքը դարձնողը,− հարցուց գինեպանը։

Այն ատեն, ընդհանուր լռության մեջ ձայն մը բարձրացավ.

− Ես ըսի, որ այդ կնիկն ու երիտասարդը անմեղ են։

Խոսողը Սերգիսն էր։

Հաճի Թումիկ անծանոթ երիտասարդին նայեցավ, զայն աչքովը վերեն վար չափեց, հետո խոսքը մյուսներուն ուղղելով հարցուց.

− Ո՞վ է այս մյուսյուն…

Մյուսյու բառը արտասանած էր ամենախորին արհամարհանքի շեշտով մը։

Սերգիս որ ոչ թե կռվիլ՝ այլ հաշտ երթալ կուզեր գինեպանին հետ, հանդարտությամբ պատասխանեց.

− Այս բարեկամները չեն գիտեր ով ըլլալս, անոնք ալ զիս քիչ մը առաջ ճանչցան, արդեն քանի մը օր է Պոլիս հասնիլս… ես Գարեգինին դպրոցական ընկերն եմ, այսինքն՝ այն երիտասարդին, որ անմեղ տեղը կզրպարտվի․ եկուր նստինք և առանց բարկության իրարու միտք հասկնանք:

− Այո՛, այո՛, նստե՛ նայինք, Հաճի Թումիկ,− ըսին ներկաները Սերգիսի սեղանին քով տեղ բանալով։

Գինեպանը նստսւվ և Սերգիս կրկին իր պաշտպանողականը սկսավ նույն համոզիչ կերպով, որով քիչ մը առաջ խոսեր էր մյուսներուն։ Երբ խոսքը ավարտեց, Հաճի Թումիկին դարձավ և ըսավ.

− Ես իմ գիտցածներս, այրի կնոջ ու Գարեգինի մասին մեկիկ-մեկիկ պատմեցի, հիմա դուն քու գիտցածներդ ըսե նայինք։

Գինեպանը, ինչպես հայտնի է, որոշ բան մը չէր գիտեր իր զոհերու մասին, միայն Ղուկաս էֆենտիի ամբաստանությունը կար մեջտեղ, ուստի մեկեն չկրցավ պատասխանել, վարանում մը ունեցավ,