Սաթենիկի ուղղելիք խոսք մը չէր գտնար, հանկարծ պոռթկաց Ղուկաս էֆենտիի դեմ.
− Վայ, շունշանորդի հերիֆ, անանկ իմ քթիս խնդա, ձեռքս արյունի մեջ թաթխել տա, վայ, անխիղճ, անաստված մարդ, ամա անոք աս ըրածը իրեն չպիտի թողում… անոր պիտի սորվեցնեմ, որ Հաճի Թումիկին հետ խաղալ չըլլար… հարուստ է տեյի, կկարծե, որ ուզած գեշությունը կրնա ընել…
Եվ սկսավ պատկերալից հայհոյանքներու շարք մը վաճառականին հասցեին։ Այժմ, ալ ամենքը բարեկամ եղած էին, Սաթենիկ բոլորովին հանդարտած կթվեր. իրեն այնպես հավատացուցին, թե թուղթը տակավին չէ հանձնված իր տեղը, հետևաբար քանի որ այժմ պիտի ջնջեին զայն, ոևէ նախատինք մը չէր կըրնար գալ իր անունին։
Վերջապես ժամանակը եկավ մեկնելու, գինեպանը և Սերգիս ոտքի ելան, մնաս բարով ըսին և դեպի դուռը ուղղվեցան Գարեգինի հետ հետևյալ առտու ժամադիր ըլլալով։
Փողոցը Հաճի Թումիկ ըսավ Սերգիսին։
− Մյուսյու Սերգիս խնդիրք մը ունիմ, չէ չպիտի ըսես և խոսք պիտի տաս, որ պիտի կատարես… տես ես քու խոսքիդ մտիկ ըրի։
− Ի՞նչ է խնդիրքդ։
− Ասիկա այդ որբևայրիին պիտի տաս, թող ծնունդի խաշլըխ ընե…
Ու գինեպանը անոր հանձնեց Ղուկաս էֆենտիեն ընդունած երեք ոսկին։ Ասով կարծես թեթևացում մը կզգար խղճին վրա։
Լևոն Կոկիկյան, տասը օր էր, որ մեկնած էր Պոլսեն ու այդ միջոցին երեք նամակ գրած էր իր նշանածին՝ Ռոզիկի, առաջինը Ֆիլիպեեն, երկրորդը Վիեննայեն և վերջինը Փարիզեն, որուն մեջ կհայտներ, որ հակառակ իր ենթադրության, չի պիտի կրնար երկու շաբաթեն վերադառնալ և հավանորեն իր բացակայությունը ամիս մը պիտի տևեր և թե այս պարագան անհուն հուսահատություն կպատճառեր իրեն։
«Ամբողջ ուղևորությանս միջոցին քու վրադ մտածեցի,− կգրեր,– և հոս հասնելես ետքն ալ վայրկյան մը չէ եղած, որ քեզ չհիշեմ։ Փարիզը զոր այնքան կսիրեի, հիմա ձանձրույթ կպատճառե