Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/114

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որ տղան խույս կուտար իր ձեոքեն և այս բանն էր, որ ամենեն ավելի կկատղեցներ զինք, և Ռոզիկի դեմ սիրտը ատելությամբ կլեցներ։ Ինք՝ որ մինչև այն ատեն իբրև տիրուհի մը ապրած էր Փարիզի մեջ իր զավակին հետ, և կփափաքեր նույն դիրքը պահել հարս մը առնելեն ետքն ալ, այժմ երկյուղ մը կզգար, որ այդ դիրքը կխախտեր, թե կրնար ըլլալ, որ հարսը դառնար տան տիրուհին և ինք ստիպվեր վար իջնել պատվանդանեն և այս հավանականությունը սոսկալի մտատանջություններու կմատնեին զինքը։

Անշուշտ որդին ամուսնացնելու փափաքած էր. ինք հղացած ու հետապնդած էր այդ ծրագիրը, բայց պատշաճության ամուսնություն մըն էր իր ուզածը և ոչ թե սիրային ամուսնություն մը, ինչպես կսպառնար ըլլալու։

− Ես իմ ձեռքովս իմ դժբախտությունս պատրաստե՞մ,– ասանկ կմտածեր անկողնին մեջ քունը փախած.− այս ի՞նչ փորձանք բերի գլխուս…

Չէ՛, անկարելի էր համակերպիլ սպառնացող վտանգին, պետք էր կռվիլ, անկարելին ընել, ամեն գայթակղություն աչք առնել, խզում մը առաջ բերելու համար Ղուկաս Կելկիթյաններու հետ։

Եվ Անթառամ, այս հաստատ մտադրությամբ, վերջապես, առտվան դեմ քիչ մը աչքերը փակեց։

Հետևյալ օրը, արդեն մութը կոխելու վրա էր, երբ որ տիկին Թագուհի և Ռոզիկ, որոնք դերձակուհիին գացած էին, ներկայացան պանդոկ։

− Հո՞ս է տիկին Կոկիկյանը,− հարցուց աղջիկը կասկածոտ դեմքով մը, որովհետև սկսած էին կռահել, որ տիկին Անթառամ զիրենք չընդունելու համար հաճախ «հոս չէ» ըսել կուտար։

Սակայն այս անգամ դռնապանը պատասխանեց․

− Այո՜, հոս է, ներս հրամմեցեք։

Իր բնակած սենյակը գիտեին, ուստի ուղղակի հոն դիմեցին և դուռը զարնելե ետքը ներս մտան։

Տիկին Անթառամ թիկնաթոռի մեջ բազմած էր, անժպիտ խոժոռ դեմքով մը։

Տիկին Թագուհի ժպտերես մոտեցավ, ըսելով.

− Երեկ ալ հանդիպեցանք ձեզի, բայց դուրս ելած էիք, ուստի քարթերնիս ձգեցինք։

− Այո, առի,− պատասխանեց Անթառամ չոր կերպով մը։