պետք է բոլորովին չեղյալ նկատենք, չգիտնալ ձևացնենք և խոսքը անգամ չընենք… դուք ալ վազ անցեք իր այցելություններեն… մենք մեր աղջիկը մյուսյու Լևոնին նշանած ենք և ոչ թե Անթառամ հանըմին… անոր հետ հարաբերություն ունենալու պետք չունինք։ Ինք մեզի չուզեր կոր, մենք ալ զինքը չենք ուզեր։
Եվ Ղուկաս էֆենտի անկողին մտնելով հանդարտ քնացավ, զորավարի մը պես, որ իր ընելիք ճակատամարտին հատակագիծը արդեն պատրաստած է։
Հետևյալ առտու կանուխ Տ. Միքիաս ներկայացավ Պրիսթոլ պանդոկը և շիտակ ուղղվեցավ տիկին Անթառամի սենյակը։
Անթառամ զինքը հաղթական ուրախությամբ մը ընդունեց։
− Մայրն ալ, աղջիկն ալ երեկ աղվոր մը վերեն վար լվացի, անկեց ալ վռնտեցի։
− Ի՞նչ կըսես, տիկին Անթառամ, է բան մը չըսի՞ն։
− Ինչ պիտի ըսեն, մուկի պես սմքեցան, պոչերնուն վրա նայելով ելան գացին… օֆ, մեյ մը սիրտս զովացավ որ…
− Մանրամասնորեն պատմե նայինք եղածը,− ըսավ Տ. Միքիաս, որ գոհունակությամբ իր սպիտակափառ մորոքը կշոյեր։
Անթառամ աղաչել չտվավ. արդեն ինքն ալ երեկվընե ի վեր կայրեր կմրրկեր իր հաղթությունը մեկու մը պատմելու մարմաջով, ուստի սկսավ մանրամասն պատմել անցած դարձածը։ Տ. Միքիաս ծայրահեղ շահագրգռված՝ մտիկ կըներ, ակնհայտի ուրախությամբ մը։ Երբեք չէր հուսար, որ իր խորհուրդները այսքան արագ ու հաջող պիտի գործադրվեին։
Երբ Անթառամ խոսքը ավարտեց, հարցուց.
− Էյ, տակավին խոսք-կապը ետ չղրկեցի՞ն։
− Չէ, բայց կսպասեմ կոր… զավակիս ալ գրեցի, որ այս աղջիկեն վազ անցիր, ըլլալիք բան չէ…
Տ. Միքիաս դեռ ժամու մը չափ նստավ, երկարորեն գովեստը ըրավ օրիորդ Հերմինեի և Սմսարյան ընտանիքին և հետևյալ օր կրկին վերադառնալու խոստումով մեկնելու պատրաստվեցավ։
Երբ դուրս ելլելու վրա էր, Անթառամ մտատանջ կերպարանքով մը հարցուց.
− Ասոնք եթե անամոթաբար խոսք-կապը ետ չղրկեն, ի՞նչ պիտի ընենք։
− Կեցիր մինչև վաղը սպասենք, տեսնենք ի՛նչ կըլլա,−