Jump to content

Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/123

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

անոնց ըրած խոսքերեն ետքը, կսպասեի, որ անմիջապես տղուս խոսք-կապը ետ ղրկեք, քանի որ այլևս անհնարին է այդ ամուսնությունը, բայց զարմանքով կտեսնեմ, որ մինչև այսօր այդ բանը չըրիք։ Կերևա, որ ձեր տիկինն ու աղջիկը ձեզի չեն պատմած մեր մեջ փոխանակված խոսքերը, ուստի այս նամակով կուգամ հայտարարելու, որ բացարձակապես որոշած եմ արգիլելու զավակիս ձեր աղջկան հետ ամուսնանալը, որովհետև շատ աննպաստ տեղեկություններ առած եմ ձեր՝ թե նյութական և թե բարոյական վիճակին մասին և չեմ ուզեր զավկիս դժբախտությունը պատրաստել այսպիսի ամուսնությամբ մը։

Կհուսամ, որ այս նամակիս վրա վերջապես կհաճիք խզված նկատել մեր խոսք-կապը և հարկ չեք թողուր ծայրահեղ միջոցներու դիմելու։

Անթառամ Կոկիկյան»

Ղուկաս էֆենտի երկու անգամ ուշի ուշով կարդաց այս նամակը, հետո գրպանը դրավ զայն։

− Այդ կինը,− մտածեց ինքն իրեն,− պարզապես մեզ գրգռել կուզե կոր, որպեսզի մեր կողմե նշանը ետ ընենք, սակայն հայտնի կտեսնվի, որ տղան ընդհակառակը, ավելի մեզի հետ է, քան թե մորը, ուստի լավագույն է բնավ կարևորություն չի տալ այս նամակին, ինչպես որ կարևորություն չտվինք անցած օրվան վարմունքին․․․

Եվ որոշեց նույնիսկ կնոջը չըսել այդպիսի նամակ մը ընդունիլը։

Վերի սրահը մարդ չի կար, Տիկին Թագուհի և Ռոզիկ այցելության գացած էին։ Ղուկաս էֆենտի բազմոցին վրա բազմեցավ և սկսավ լրագիր կարդալ։

Քիչ ետքը ծառան դուռը բացավ և ըսավ, որ երիտասարդ մը եկած էր և հետը տեսնվիլ կփափաքեր։

− Ո՞վ է, անունը ի՞նչ է, ի՞նչ կուզե,− հարցուց Ղուկաս էֆենտի, որ Գարեգինի այցելութենեն ի վեր երիտասարդ այցելուներե չէր ախորժեր։

− Ահավասիկ քառթը,− պատասխանեց ծառան։

Ղուկաս էֆենտի առավ զայն և կարդաց.

Սերգիս Սմբատյան

− Սերգիս Սմբատյան, Սերգիս Սմբատյան,− մտածեց Ղուկաս